Բանավեճային կամուրջ․ սովորող-սովորեցնող

Նախագծի ամփոփ նկարագրություն

<<Ազատ խոսքի>> ակումբն իր գործունեությունը ծավալում է բոլոր սովորողների համար։ Ակումբի մասնակից սովորողները բանավեճի հմտություններից ձեռք բերած իրենց փորձը կփոխանցեն Միջին դպրոցի սովորողներին։
Միջին դպրոցի սովորողները կունենան բանավեճի հմտությունների տարրական գիտելիքներ, կսովորեն իրենց խնդիրները բարձրացնել քաղաքակիրթ ձևով և լուծել դրանք բանավիճելու միջոցով։

Նախագծի ընթացքը՝

  1. Ակումբի անդամ սովորողներից կկազմակերպվի խումբ, որոնք պատրաստ կլինեն սովորեցնել Միջին դպրոցի իրենց ընկերներին
  2. Խմբի անդամների հետ միասին կմշակվի ընդունելի մոտեցում և ծրագիր, որը հարմար կլինի բանավեճի հմտությունները սովորեցնելու համար
  3. Երեք օր, օրեկան մեկ դասաժամ ակումբի սովորողները կաշխատեն սովորողների հետ
  4. Երրորդ օրը կկազմակերպվի բանավեճ, որի թեման կորոշվի Միջին դպրոցի սովորողների հետ միասին

Արդյունքում՝

  • Միջին դպրոցի սովորողները կծանոթանան բանավեճի տարրական հմտություններին
  • Ակումբի անդամ սովորողները ձեռք կբերեն անհրաժեշտ փորձ՝ սովորող-սովորեցնող ծրագրի արդյունքում
  • Կունենանք բանավեճի փորձ
  • Արդյունքները հրապարակվեն բոլոր մասնակիցների կողմից

Ակնկալվող ժամանակահատված՝

Հանդիպումներ

Փետրվարի 2-ին, ժամը 14։00, Ավագ դպրոցի փոքր դահլիճում։

Փետրվարի 9-ին, ժամը 14։00, Ավագ դպրոցի փոքր դահլիճում։

Փետրվարի 16-ին, ժամը 14։00, Ավագ դպրոցի փոքր դահլիճում։

Փետրվարի 23-ին, ժամը 14։00, Ավագ դպրոցի փոքր դահլիճում։

Նախագծի համակարգողներ՝

Սամվել Թամազյան և <<Ազատ խոսքի>> ակումբի անդամներ

Հունվարյան ուսումնական ճամբար. Քաղաքական սերունդ

<<Ազատ խոսքի>> ակումբ

<<Քաղաքական սերունդներ>>

Նախագծի ամփոփ նկարագրություն և նպատակը

<<Քաղաքական սերունդներ>> նախագիծը նպատակ ունի դասավանդողի և սովորողի միջև ստեղծել քաղաքական երկխոսության։ Սերունդների միջև առկա տարբերությունը (տարիքային, աշխարհայացքային, մտածողության) և անհրաժեշտ երկխոսությունը նպատակաուղված է փորձի փոխանակման և նոր քաղաքական տեսակետների զարգացման համար։ Ներկայումս տեղի ունեցող հասարա-քաղաքական իրավիճակը և դրա մասը կազմող պատերազմը սովորողների մոտ առաջացրել են բավականին հարցեր, որոնց պատասխանները նրանք ոչ հաճախ հնարավորություն ունեն ստանալու։ Միարժամանակ դասավանդողները կարիք ունեն սովորողների հետ կիսվելու իրենց հայացքներով և ծանոթանալու նրանց մտորումների հետ։ Նախագիծը միտված է ամրապնդելու սեփական կարծիքը՝ իմանալով մյուսներինը։ Նախագիծը ուղված է նաև հասարակական անտարբերության հաղթահարմանը։

Նախագծի ընթացքը՝
Նախագծի ընթացքը ըստ քայերի
Առաջին փուլ

  • Նախագծային խմբի ձևավորում և անելիքների նկարագրություն
  • Նախապատրաստական աշխատանքներ
  • Համագործակցում քաղաքագիտական ակումբի հետ
  • Բանավեճ՝ <<Հայ-ադրբեջանական համակեցություն>> թեմայի շուրջ

Երկրորդ փուլ

  • Դասավանդողներին տրվող հարցաշարի կազմում
  • Դասավանդողների հետ հարցազրույց
  • Անելիքների ամփոփում
  • Կլոր սեղան քննարկում

Արդյունքում՝

  • Քաղաքականությամբ ակտիվորեն հետաքրքրվող խմբի ձևավորում
  • Դասավանդողների քաղաքական հայացքների հավաքագրում
  • Արված աշխատանքների փաթեթ
  • Կլոր-սեղան ամփոփում և լուսաբանում

Ակնկալվող ժամանակահատված՝

Նախագիծը կիրականացվի հունվարյան ուսումնական ճամբարի շրջանում։

Նախագիծը նախատեսված է հուվարի 11-25-ը։

Նախագծի համակարգողներ՝

Սամվել Թամազյան և <<Ազատ խոսքի>> ակումբի անդամներ

ֆեյսբուքը որպես քաղաքական հարթակ

«Ազատ խոսքի» ակումբը հրավիրում է քննարկման

Քննարկման ամփոփ նկարագրություն
Ֆեյսբուքը մերօրյա իրականության մեջ այլևս միայն սոցիալական ցանց չէ որտեղ հնարավոր է գտնել ընկերների և շփում պահպանել նրանց հետ։ Ֆեյսբուքը սոցիալական ցանցերի մեջ համարվում է գիգանտ, այն իր մեջ համախմբում է միլիարդավոր մարդկանց, աշխարհի գրեթե բոլոր ծայրերում։ Իր հնարավորություններով հասանելի է դարձնում ոչ միայն մշտական կապը ընկերների հետ, այլ նաև հնարավորություն է տալիս կիսվելու սեփական մտքերով, գրառումներով, լուսանկարներով, վիդեոներով և այլն։

Ֆեյսբուքը նաև քաղաքական հսկայական հարթակ է, որտեղ շատ հաճախ լուծվում են կարևոր հարցեր կամ հիմք դրվում կարևոր քաղաքական հարցերի լուծման համար։ Այն օգտագործվում է իշխանությունների և ընդիմության կողմից սեփական քաղաքական քարոզչությունը և ագիտացիան իրականացնելու համար։ Ֆեյսբուքի միջոցով հնարավոր է կառավարելի դարձնել միլիոնավոր մարդկանց քաղաքական կյանքը և հայացքները։ Սակայն հաճախ ֆեյսբուքը նաև կիրառվում է կեղծ տեղեկություններ տարածելու, ապատեղեկատվության, բռնությունների, ատելության և այլ բացասական նպատակներով։ Ֆեյսբուք համակարգը չունի ամբողջական վերահսկողություն այդ հսկայական տեղեկատվական դաշտի վրա և շատ հաճակ այդ դաշտը մնում է անկառավարելի։ Այս անկառավարելիությունը իր հետ բերում է հասարակական շատ լուրջ խնդիրներ։ Հայ-ադրբեջանական վերջին պատերազմի ընթացքում հատկապես զգացվեց այս անկառավարելիության վիճակը, երբ հաճախ ազատ խոսքի տակ թաքնված, հնչում էին փոխադարձ վիրավորանքներ, ատելության և անհնազանդության կոչեր և նույնիսկ քաղաքացիական պատերազմի հրահրումներ։ Այս երևույթները հատկապես սուր երանգ են ստացել պատերազմից հետո, երբ ռազմական ճամբարները, փոխարինվել են քաղաքական ճամբարներով։
Այսպիսիով հարց է առաջանում, արդյո՞ք մենք ճիշտ ենք օգտագործում ֆեյսբուքը և այն կարող է այս անկառավարելության վիճակում ծառայել որպես կառուցողական քաղաքականության հարթակ, դա մեզ ի՞նչ օգուտներ կբերի։

Քննարկման մասնակցության համար՝

Մասնակիցները կհավաքեն ֆեյսբուքի մասին ամենատարբեր տեղեկություններ։ Այս գործում նրանց կօգնի համացանցը, ֆեյսբուքի սեփական հաշիվը և սեփական փորձը։

Քննարկումը տեղի կունենա՝

Դեկտեմբերի 22-ին (երեքշաբթի), ժամը 14։20, Ավագ դպրոցի փոքր դահլիճ։

Ազատ խոսքի ակումբի մասնակիցների վերլուծությունները Ժիրայր Լիպարիտյանի հոդվածների շուրջ

Ներկայացնում ենք՝ Նանե Վարդումյանի, Ստելլա Սարգսյանի և Անահիտ Ասատրյանի վերլուծությունները

Նանե Վարդումյան՝ <<Ժիրայր Լիպարիտյանի հոդվածների վերլուծություններ>>

Քայլ, այս անգամ մի մեծ քայլ՝ դեպի ետ

Այսօր կարդացի Ժիրայր Լիպարիտյանի՝ «Քայլ , այս անգամ մի մեծ քայլ՝ դեպի ետ» հոդվածը։ Անկեղծ ասած, արդեն հոգնել եմ այս իրավիճակի մասին խոսելուց։ Համաձայն եմ` սա մեր պատմության մեջ ամենակարևոր իրադարձություններից է, բայց բոլորն անխտիր այդ մասին են խոսում։ Բոլորը տխուր են և ցրված։ Չգիտես ինչու, բոլորը դարձել են քաղաքագետներ ու այնպես են խոսում, կարծես իրենք կարող էին այս տարիներով չլուծված խնդիրը մի քանի օրում լուծել։ Ճիշտ է, բոլորն ունեն իրավունք իրենց կարծիքն ազատ արտահայտելու, բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։

Продолжить чтение «Ազատ խոսքի ակումբի մասնակիցների վերլուծությունները Ժիրայր Լիպարիտյանի հոդվածների շուրջ»

«Ազատ խոսքի ակումբ» ակումբ․ դեկտեմբերի 18

«Ազատ խոսքի» ակումբը հրավիրում է հանդիպման

Թեմա՝ Պնդում, փաստ, փաստարկում․ բանավեճ՝ «կո՞ղմ եք դպրոցական պարտադիր համազգեստին»

Կներկայացվի՝
Ակումբի հերթական հանդիպումը «բանավեճի» տարրական կարողությունների մասին է։ Պարապմունքի ընթացքում կներկայացվի ճիշտ բանավիճելու տարրական կարողությունները՝ «Պնդում, փաստ, փաստարկում», ինչպես նաև պարապմունքի ավարտին տեղի կունենա բանավեճ՝ «Դպրոցական պարտադիր համազգեստ» թեմայի շուրջ։

Նախապատրաստական աշխատանքներ՝

Մասնակիցները մինչ պարապմունք-բանավեճը, կուսումնասիրեն դպրոցական պարտադիր հագուտին վերաբերող տարաբնույթ նյութեր, որոնք կօգնեն իրենց տեսակետները ճիշտ ներակայացնել և պաշտպանել։
Ուսումնասիրման մեջ ցանկալի կլինի ներառել՝ այլ երկներում կիրառվող պրակտիկան, հայաստանյան դպրոցների փորձը, դպրոցական պարտադիր համազգեստների պատմությունը և տեսակները։ Կուսումնասիրեն ոչ միայն «կողմ>» տեսակետի պնդումները, փաստերը և փաստարկները, այլ նաև «դեմ»-ի։

Հանդիպման հարթակը, օրը և ժամը

Հանդիպումը տեղի կունենա TEAMS հարթակում, դեկտեմբերի 18-ին, ժամը՝ 17։00
Հղումը՝ այստեղ

Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ ամփոփում

<<Ազատ խոսքի>> ակումբի հերթական քննարկումը տեղի ունեցավ դեկտեմբերի 12-ին։ Առաջին քննարկումը յուրահատուկ էր, այն անցկացվեց արատեսյան միջավայրում՝ բնության գրկում։ Յուրահատուկ էր նաև մասնակիցների քանակով։ Քննարկմանը մասնակցում էին ոչ միայն ակումբի մասնակիցներ, այլև այլ սովորողներ և անձինք, որոնք մեզ հետ գտնվում էին Արատեսում։ Իրենց մասնակցությունն ունեցան նաև թիմս հարթակով մեզ միացածները։

Քննարկման թեմայի և արծարծվող հարցերի արդիականությունը հնարավորություն տվեց քննարկման մասնակիցներին իրենց տեսակետները և կարծիքները արտահայտել ոչ միայն նախօրոք պատրաստված, այլ նաև հանպատրաստից և իրենց անձնական ապրումներից։ Քննարկումը ծավալվեց <<ղարաբաղյան հարցի>>> ակունքներից և հասավ մինչև մեր օրեր։ Քննարկումը ընթանում էր հիմնականում՝ քաղաքական, դիվանագիտական, ռազմական, գաղափարախոսական և տնտեսական ուղղություններով։ Քննարկումը (տեսակետների ակնհայտ տարբերությունների պատճառով) մի պահ կարող էր վերածել բանավեճի, սակայն մասնակիցները բավարարվեցին քննարկման ձևաչոփով։ Կարելի է փաստել, որ քննարկումը ստացվեց և կայցավ կառուցողական միջավայրում։

Լուսանկարները ստորև՝

Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. քննարկում Արատեսում

<<Ազատ խոսքի>> ակումբ

Քննարկման համառոտ նկարագրությունը

<<Ազատ խոսքի>> ակումբը հրավիրում է քննարկման։ Քննարկումը վերաբերում է 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած պատերազմին, դրան նախորդող ռազմա-քաղաքական իրադրությանը, պատերազմին հաջորդած քաղաքական իրավիճակին։

Նախորդող աշխատանքներ

Քննարկմանը նախորդող շրջանում (դեկտեմբերի 7-11-ը) մասնակիցները պետք է որոշակի պատկերացումներ ունենան <<Ղարաբաղյան հարցի>> շուրջ, ծանոթ լինեն այդ խնդրի քաղաքական, ռազմական, դիվանագիտական, տնտեսական և գաղափարախոսական կողմերին, ունենան սեփական տեսակետները և ասելիքները։ Այս խնդրիների շուրջ առավել համակողմանի տեսակետներ ունենալու համար, ցանկալի կլինի ուսումնասիրել՝ հայկական, ադրբեջանական և միջազգային տեսակետները։
Օգտակար կլինի կարդալ Ժիրայր Լիպարիտյանի հետևյալ հոդվածները․

1․ Քայլ, այս անգամ մի մեծ քայլ դեպի՝ ետ

2․ Ինչու՞ բանակցությունները ձախողվեցին

3․ Ի՞նչ կատարվեց և ինչու՞․ վեց դրույթ

4․ Մենք ժողովրդին մղում ենք ազգայնականության՝ պետականության փոխարեն

5.  Ի՞նչ խնդիր են լուծում Վազգեն Մանուկյանը և 17-ը․ Ութ հարց և ութ պատասխան

Ինչպես նաև Աշոտ Բլեյանի հարցազրույցները․

1․ Մենք լուրջ չէինք մոտենում ոչ մեր անկախությանը, ոչ մեր հաղթանակին

2․ Եկել է պատրանքին, հավերժական կռվին վերջ դնելու, և հաշտության ու համակեցության ժամանակը…

Քննարկումը տեղի կունենա՝

<<Ազատ խոսքի>> ակումբի հերթական քննարկումը տեղի կունենա՝ դեկտեմբերի 12-ին, Արատեսի դպրական կենտրոնում, ժամը 19:00

Կարող եք մասնակցել՝

Քննարկմանը կարող եք մասնակցել թիմս հարթակի այս հղմամբ։

Ակումբը սկսեց իր գործունեությունը․․․

Ազատ խոսքի ակումբը իր դռներն առաջին անգամ բացեց սեբաստացի քոլեջի և ավագ դպրոցի սովորողների համար։ Հանդիպումը կայացավ մայր դպրոցի փոքր դահլիճում, որտեղ հավաքվել էին սովորողները, դասավանդողներ, իսկ ակումբի այսօրվա հյուրն էր տիար Բլեյանը, ով իր կարծիքն ու առաջարկները ուղղեց ակումբի մասնակիցներին։

Ակումբի գործունեության, բովանդակության և հետագա աշխատանքների վերաբերյալ տեսասահիկով մանրամասն աշխատանք տարվեց սովորողների հետ։
Տիար Տիգրանյանը, ում հրավիրել էինք ակումբի առաջին հանդիպմանը, խոստացավ, որ եթե հետաքրքրի թեման, ապա սովորողների հետ անպայման կունենա «հռետորության» դասընթացներ, որոնք կօգնեն ավելի լավ տիրապետելու բանավեճի արվեստին։

Սովորողների համար առաջին հանդիպումը ոչ միայն ներածական էր, այլև ինտերակտիվ, քանի որ ակումբի կազմավորման և հետագա գործունեության համար կարևոր են ոչ միայն սահմանված դրույթները, այլև սովորողների կարծիքները, որոնք կուռ են դարձնում համակարգը։
Որոշվեց ակումբի բանաձևն օգտագործել նաև դասընթացներում, ազատ արտահայտվելով և հիմնավոր խոսքի միջոցով։

Ակումբի մասնակիցները ավագ դպրոցի և քոլեջի սովորողներն են, ովքեր սիրով կսպասարկեն կայքն ու կմասնակցեն մյուս հանդիպումներին։